Փաշինյանի իշխանությունը, կարելի է ասել կարեւո...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերով կարծես թե նախաձեռնում է բավական հետաքրքիր դիսկուրս՝ ազգայինի ժամանակակից պատկերացումների մասին։ Զուտ ելույթին եթե անդրադառնանք, ապա այն կարելի է համարել շարքային ելույթներից մեկը, ապրիլքսանչորսյան խորհրդով եւ այդ օրվա հետ կապված՝ իշխանությունների իրականացրած գործողություններով համեմված, նկատի ունենալով, կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումները եւ այդ համատեքստում՝ Ծիծեռնակաբերդ այցելության արգելումը։

Ինչպես եւ կարելի էր սպասել, նույնիսկ այս ելույթում գործող վարչապետը չդիմացավ գայթակղությանն ու կրկին փորձեց ինքնարդարանալ նախկինների դեմ կուտակված նեգատիվը որպես քաղաքական դիսկուրսի բաղադրիչ դարձնելով, ինչը այս դեպքում անհասկանալի է, քանի որ Հայոց Ցեղասպանությունը վերքաղաքական իրականություն է եւ պատկերավոր ասած՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի նախնիներն են տուժել Ցեղասպանությունից, այնպես էլ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի։ Սակայն այնուհանդերձ, այս ելույթը բավական հետաքրքիր է, որպես ազգայինի ժամանակակից պատկերացումները սահմանելու փորձ։ Իհարկե, գովելի էր միջոցառումների այն բարձր մակարդակը, որով այս տարի ոգեկոչվեց մեր 1,5 միլիոն նահատակների հիշատակը։

Փաշինյանի իշխանությունը, կարելի է ասել կարեւոր մի քննություն եւս հանձնեց եւ բավական պատվով դուրս եկավ լուրջ խնդրի կատարումից։ Սակայն նկատենք, որ եզակի երեւույթ չի տեղի ունեցել։ Բարձր մակարդակով անցել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչումը, Հռոմի Սրբազան Քահանայապետի այց-ուխտագնացությունը Հայաստան, Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի  պատարագը Ս․ Պետրոսի տաճարում, որի ընթացքում Ս․ Գրիգոր Նարեկացին ճանաչվեց Կաթոլիկ եկեղեցու դոկտոր։

Այս բոլոր միջոցառումներն էլ կարելի է եզակի համարել իրենց տեսկաի մեջ եւ չափազանց բարձր մակարդակով իրականացված։ Փաշինյանն ուրեմն, այս ավանդույթի շարունակողն է ու ցույց տվողը, որ այո, մենք կարող ենք որպես ազգ եւ հավաքականություն, ինքնակազմակերպվել եւ հարկ եղած դեպքում մեկ անձի նման կամայնություն դրեւսորել։ Սա կարեւոր ցուցիչ է թե Հայաստանի ներսում, թե Սփյուռքում, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն ճգնաժամային իրավիճակը, որ կա այժմ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Սակայն մյուս կողմից օրվա խորհրդին համապատասխան վարքագծի մշակումը քաղաքակրթական հարց լինելով հանդերձ, չի կարող դառնալ քաղաքական առճակատման գործիք եւ չունենք երաշխիք, որ եթե պանդեմիա չլիներ եւ մարդիկ այս տարի էլ բարձրանային, ապա արեւածաղիկի սերմերի կճեպներ չէր լինի էլի, կամ էլ փողոցներում ծաղկավաճառություն չէր լինի։ Սա կենցաղային կուլտուրա է եւ ոչ թե քաղաքական կատեգորիա։

Իսկ ահա ողբի առումով, նույնիսկ ողբը կարելի է արժանապատվորեն կրել, եւ անցնող հարյուր տարվա ընթացքում Հայ ժողովուրդը այդպես էլ տարել է Ցեղասպանության վիշտը՝ արդեն Սարդարապատում ապացուցելով իր արնապատիվ կեցվածքն ու ապրելու կամայնությունը։ Այստեղ եւս Փաշինյանը անիվ չի հայտնագործել։ Այլ է, որ գաղափարական հենքի որոնումներում, նա փորձում է ինչ ինչ թեզեր բյուրեղացնել։ Սա լավ գաղափար է, ու կարիք ունի զարգացման։ Հուսալ է պետք, որ Հայ ազգայինի ժամանակակից մեկնաբանության որոնումները գործող վարչապետը կշարունակի։