Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե...

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պնդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել: Որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին անգամ «փաստաթղթի» լուսանկարը:

Պետքարտուղարությունը, Azertac պետական գործակալության հարցմանն ի պատասխան, ասել է, որ այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է:

«Այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է. անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Մենք ձեզ կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը», հայտարարել է Պետքարտուղարությունը։