Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստի...

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծին։

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծով սահմանվում են ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները`ներառյալ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և համաչափության պայմանները, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի ծառայողների պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները։

«Ոստիկանության գվարդիան կգործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Ոստիկանության գվարդիան կլինի ՀՀ ոստիկանության կառուցվածքային միավոր՝ իր համապատասխան ստորաբաժանումներով:

Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում):