Հայաստանում քաղաքացիներն իրենք իրենց չեն համա...

Այստեղ մի ֆունդամենտալ խնդրի մասին եմ ուզում խոսել, որը Ոստիկանության հետ բացարձակ կապ չունի. Երբեմն նկատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիներն իրենք իրենց չեն համարում օրենքի և իրավունքի աղբյուր։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ՆԳՆ-ում Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ ընդգծեց. «Այսինքն՝ չեն համարում, որ օրենքը և իրավունքը իրենք են ստեղծել, ուղիղ կամ անուղղակի ձևով, բայց սա արդեն ուրիշ քաղաքական և սոցիալ-հոգեբանական մակարդակի պրոբլեմ է, որը մեծ հաշվով կապ ունի հետևյալի հետ, թե իրավակարգն ի վերջո քաղաքացու ազատ կամարտահայտության միջոցով է ձևավորվել, թե ազատ կամարտահայտության միջոցով չէ ձևավորվել։

Ես այստեղ կրկին ուզում եմ գնալ և հասնել մեր սահմանադրությունների պատմությանը, և հարցն ի վերջո այստեղ է, երբ հաջորդ օրը մենք սահմանադրական հանրաքվեներից հետո հրապարակում ենք արդյունքները, հեռուստատեսության դիմաց նստած քաղաքացին ինքն իրեն ասում է, որ ես այս որոշումը կայացրեցի, թե՞ չի ասում։ Երբ չի ասում՝ այստեղից են առաջանում իրավահամակարգի նկատմամբ հետագայում առաջացած խնդիրները: Բայց նորից եմ ասում՝ սա ոստիկանության գործունեության հետ կապ չունի կամ առնվազն մեծամասամբ կապ չունի:

Եվ ուզում եմ ամփոփել՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ծառայության համար։ Նախարարն ընդգծեց, և կարծում եմ՝ դա շատ կարևոր հանգամանք է, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքի անդամներին։ Այսօր, ընդհանրապես ցանկացած գործ առանց ընտանիքի աջակցության շատ դժվար է իրականացնել, առավել ևս ոստիկանության գործը:

Եվ կարելի է պատկերացնել, թե սա ինչ անհարմարություն է ստեղծում Ոստիկանության ծառայողների ընտանիքների համար, երբ ընտանեկան միջոցառումները կարող են կիսատ թողնել, ընդհանրապես չներկայանալ։ Այս հանդուրժողականությունը, եթե կարելի է այդպես ասել, իսկապես արժանի է խորը գնահատանքի և հարգանքի։ Կրկին ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ոստիկանության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին։ Բարի ծառայություն և հաջողություն բոլորիս»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով: