Ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժող...

Եվրահանձնաժողովն ապրիլի 4-ին Ուզբեկստանում կայանալիք ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը դիտարկում է որպես ԱՄՆ-ի մաքսատուրքերին եվրոպական պատասխանի տարրերից մեկը՝ օտարերկրյա գործընկերների հետ Եվրամիության առևտրային հարաբերությունների դիվերսիֆիկացման ռազմավարության շրջանակներում:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում։

«(ԱՄՆ մաքսատուրքերին պատասխանի) մեր ռազմավարության տարրը կլինի առևտրի դիվերսիֆիկացիան: Առևտուրը գնում է այնտեղ, որտեղ կա բիզնես: Եվրոպան արդեն առևտրային համաձայնագրեր ունի 76 երկրի հետ, և ԵՄ-ն ընդլայնում է այդ ցանցը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ես այս շաբաթ ավելի ուշ կմեկնենք Սամարղանդ՝ մասնակցելու Եվրամիության և Կենտրոնական Ասիայի պետությունների՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովին», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նստաշրջանում նաև հայտարարել է, որ Եվրամիությունն ի պատասխան ԱՄՆ-ի առևտրային մաքսատուրքերի կամրապնդի իր ներքին շուկայի միասնությունը, որի կարգավորմամբ զբաղվում է Եվրոպական հանձնաժողովը։

«Մեր պատասխանն ԱՄՆ մաքսատուրքերին պետք է լինի եվրոպական շուկայի միասնության ամրապնդումը», - ասել է նա՝ խոստանալով «վերացնել ԵՄ երկրների միջև մնացած առևտրային արգելքները»։