Ձեւավորվում է Թուրքիայի նեգատիվ կերպարը․ մեծ...

Քայլ առ քայլ մեծ քաղաքականության խաղացողները ուղղակիորեն կամ իրենց «գործիքների» միջոցով ձեւավորում են Թուրքիայի, որպես կարգազանց կամ իրավախախտ պետության, ավելի կոնկրետ՝ բռնապետության կերպար։

Ընդհանուր առմամբ, իրավիճակը բավական հետաքրքիր է։ Բանն հասել է այնտեղ, որ արդեն ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հունաստանը համատեղ «գրոհ» են ձեռնարկում Անկարայի վրա։ Ինքնին հասկանալի է, Միացյալ Նահանգները իր «սրած ատամն» ունի Անկարայի դեմ, Հունաստանը իր։ Ու եթե Ամերիկան ուղղակիորեն է Թուրքիային այսպես ասած՝ «փչացնում», ապա Հունաստանի դեպքում կարելի է ֆիքսել որպես համաեվրոպական ձայն՝ Ֆրանսիայի գլխավորությամբ։ Առջեւում դեռ դեկտեմբերի 10-12 կա, երբ հնարավոր է ԵՄ-ն սկսի սանկցիաներ կիրառել Անկարայի դեմ։

Ինչ էլ լինի, պարզ է, որ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայում Էրդողանի վարչակարգն է, հարաբերությունները Արեւմուտքի հետ այլեւս դրական չեն լինի, իսկ կտրուկ շրջադարձի դեպքում Էրդողանը կարող է զայրացնել Ռուսաստանին՝ դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով հանդերձ։ Սա Հայաստանի համար բավական հետաքրքիր իրականություն է բացում։ Հայաստանն այս փուլում պետք է ամեն բան անի հակաթուրքականությունը եւ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում առաջ մղելու համար։ Կապ չունի, թե ինչ արդյունքներ կլինեն։ Դրանք նաեւ Ռուսաստանին են պետք որպես ակնարկներ, թե ինչ կարող է լինել, եթե Անկարան փորձի իրան «ճիշտ չպահել» Մոսկվայի հարցում։ Սխալ է կարծել, թե Հունաստանի հակաթուրքականության հետեւում Ռուսաստանը կանգնած չէ։

Ռուսաստանի համար Հունաստանն ու Կիպրոսը որոշակիորեն «սուրբ տարածքներ» են, որպես ուղղափառ քրիստոնեական երկրներ։ Ռուսաստանը անկախ ամեն ինչից կանգնած է այդ երկու երկրները դիտարկում է որպես Թուրքիայի դեմ գործողությունների գործիքակազմի մաս, ինչպես Արեւմուտքը։ Երեւանում պետք է նաեւ հստակ արձանագրեն, որ ոչ Արեւմուտքին՝ ի դեմս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի եւ ոչ էլ Ռուսաստանին ուժեղ Թուրքիա պետք չէ։ Իսկ ռեգիոնում «մեծ խաղը» դեռ նոր է սկսվում։