ԱԺ փոխնախագահը հանդիպել է դիմորդների եւ նրանց...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 23-ին հանդիպել է բուհերի
ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն իրենց
նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ:

Բուհերի ընդունելությունն այս տարի անցկացվել է ըստ հաստատված նոր կարգի.
դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության անվճար եւ վճարովի ուսուցման
հայտի գերակայությամբ:


Հանդիպման մասնակիցները նշել են, որ առաջին հայտով ընդունվելու որոշումը
մրցույթից դուրս է թողել բարձր միավորներ հավաքած բազմաթիվ դիմորդների: Նրանք
առաջարկել են քննարկել բուհերի համապատասխան ֆակուլտետներում լրացուցիչ տեղեր
ավելացնելու խնդիրը ինչպես նաեւ դիտարկել երկրորդ կամ երրորդ հայտով հայտարարագրված
մասնագիտությունների մրցույթին մասնակցելուն վերաբերող հարցերը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան
խմբակցությունն այս օրերին բազմաթիվ նամակներ եւ դիմումներ է ստանում: Ըստ նրա՝ առկա
է մի իրավիճակ, երբ քննության արդյունքում բարձր միավոր ստացած դիմորդը չի կարողանում
իր ընտրած մասնագիտությամբ ուսանողի կարգավիճակ ստանալ: Վահե Էնֆիաջյանը կարծիք է
հայտնել, որ կարելի է գտնել հարցի լուծման իրավական տարբերակներ: Նա ներկաներին է
փոխանցել խմբակցության փորձագետների եւ իրավաբանների կողմից պատրաստված
եզրակացությունը: Վահե Էնֆիաջյանն առաջարկել է ուսումնասիրել փաստաթուղթը եւ
համատեղ քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է,
որ խնդրի առնչությամբ դիմել է ԿԳՄՍ նախարարին: