ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հայաստանյան 2...

ԱՄՆ առևտրի նախարարությունն ավելի քան 10 երկրի մի շարք ընկերություններ ներառել է իր «սև ցուցակում»: Այդ ցուցակում է հայտնվել նաև հայաստանյան 2 ընկերություն՝ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (ԵրԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ն:

«ԵրԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ արտոնագրերի ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ-ի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցանկից»: Բացի այդ, ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրեն և «Մարկել» ՓԲԸ-ի նախագահ հանդիսացող անձը բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ»,-հաղորդվում է ԱՄՆ դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում:

ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև Ռուսաստանի Կալուգայի ռադիոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտը, ինչպես նաև 14 ընկերություններ Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Մեծ Բրիտանիայից:

Ըստ ամերիկյան իշխանությունների՝ ցանկում ներառված ընկերությունները գործում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին դեմ:

Պատժամիջոցների սահմանափակումները, որոնք լրացուցիչ պահանջներ են սահմանում ցանկում հայտնվածների կողմից արտահանման արտոնագրեր ստանալու համար, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 14-ին: