Արտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցի...

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:15-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 65–ամյա Արծրուն Մ.-ից, ով հայտնել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից դեպի Զովաբեր բնակավայր տանող ճանապարհին՝ լիցքավորման կետին կից գտնվող «Մամուռ» հյուրանոցի անվտանգության աշխատակցի սպասարկան կետի ապակին կոտրելու միջոցով պայթուցիկի նմանվող իր են գցել և այն պայթեցրել: Գրել է Գագիկ Շամշյանը։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձը պլաստմասսե շիշ է նետել Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհին գտնվող Մամուռ հյուրանոցային համալիրի պահակի սենյակի պատուհանի վրա, ինչի արդյունքում պատուհանի ապակին կոտրվել է ու շիշն ընկել նշված սենյակ, որի ժամանակ, բարեբախտաբար, պահակը ներսում չի գտնվել, ու առաջացել է պայթյուն:

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են իրականացնում ՝ պարզելու պայթուցիկը նետածի ինքնությունն ու նրան հայտնաբերելու ուղղությամբ: