Ալիևն Արցախում «նախագահի հատուկ ներկայացուցիչ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ» նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունում:

Ըստ հաղորդման՝ Ալիևը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում «Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչներ ուղարկելու մասին» հրամանագիր է ստորագրել։

Մամուլի ծառայությունում նշել են, որ հրամանագրի համաձայն ստեղծված ներկայացուցչությունները ղեկավարում են «Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչները, որոնք իրենց պաշտոնին նշանակվում և ազատվում են պետության ղեկավարի կողմից և ենթարկվում են անմիջապես նրան»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։