Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Միգրացիայի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի տնօրեն Մարիոն Գրեգուարիին:
Կարևորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների շարունակականությունը՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ նախատեսվող համատեղ ստորագրման հուշագրի մանրամասները, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ընթացքն ու արդյունքները:
Դեսպան Դըկոտինյին ևս կարևորել է փաստաթղթի ստորագրումը և հայտնել իր պատրաստակամությունը ներդնելու ջանքեր՝ արդյունավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու համար:
«Մենք պատկերացնում ենք այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է Ձեր ղեկավարած նախարարությունը և գնահատում ու տպավորիչ ենք համարում այն հսկայական ջանքերը, որ ներդրվել են ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից տեղահանված անձանց ընդունելու, տեղավորելու և աջակցելու համար։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ շարունակելու օգնել ոչ միայն այս հարցում, այլև հուշագրով նախատեսվող քայլերի իրականացման գործում»,- ընդգծել է Օլիվիե Դըկոտինյին:
Հանդիպման շրջանակում գործընկերները քննարկել են փաստաթղթի ստորագրմանն առնչվող այլ մանրամասներ և պայմանավորվածություն ձեռք բերել դրանց իրականացումը կարճ ժամկետներում տեղափոխել գործնական փուլ: