Սրանից առավել միավորման հնարավորություն կամ հ...

Համաժողովրդական շարժման բնույթը հենց այն է, որ այստեղ տարբերակումներ չկան, բոլոր քաղաքական, հանրային, մասնագիտական տարբեր միավորներ փորձում են միասին գալ հրապարակ եւ խոսել այդ խնդիրների մասին. սա այս շարժման առավելությունն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Այն, ինչ մեզ վերջին տարիներին բեւեռացրել է, թշնամացրել է, այս շարժման մեջ չկա: Ես հաջողության գրավականը հենց դրա մեջ եմ տեսնում: Ինձ թվում է, որ սրանից առավել միավորման հնարավորություն կամ հարթակ հնարավոր չէ ձեւավորել»,-ասաց նա:

Աշոտ Ղուլյանի խոսքով հերթական քաղաքական սխալներից  է, որ իշխանությունները շեշտադրում են այս շարժման մեջ արցախցիների առկայությունը. «Այս հրապարակում միայն արցախցիները չեն, բայց բնական է, որ արցախցիներ կան եւ քիչ չեն: Բնական է նրանց մասնակցությունը, որովհետեւ նրանք այս ամենը անցել են: Այն, ինչ մենք վերջին մեկ տարում ապրել ենք Արցախում, Հայաստանի կողմից մեզ մենակ թողնելը, արտաքին քաղաքական իրավիճակում մեկուսացումը, այդ ամենը մենք հիմա տեսնում ենք Հայաստանում: Մենք չենք կարող անտարբեր լինել, երբ տեսնում ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները նորից կանգնած  այդ նույն մարտահրավերների առաջ: Մենք փորձում ենք մեր աջակցությունը բերել»,- ընդգծեց Ղուլյանը: