Ադրբեջանը իր պատվիրակության կազմ է ավելացրել...

Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ բանակցությունների ընթացքին և մանրամասներին։

– Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ։ Եթե Վրաստանի դեպքում փոքրիկ սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա Արցախի հակամարտության դեպքում դա տանում է  դեպի նոր զոհեր։ Թեև Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում բեկում չի գրանցվել, այդուհանդերձ զսպվածություն ցուցաբերելու միջնորդների կոչը կարևոր նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է միջնորդների առաջարկների բովանդակության շուրջ կողմերի միջև ծագած հակասություններին, ապա կողմերից յուրաքանչյուրը մեջբերում է իր ցանկացած հատվածները։ Նրանք հավանաբար նույն փաստաթուղթն են կարդում, սակայն տարբեր կերպ, հակառակ դեպքում անհավատալի է, որ մի կողմին մի փաստաթուղթ է ներկայացվել, մյուս կողմին՝ մեկ այլ փաստաթուղթ։ Թեև Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ Արցախյան կողմի՝ բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ ներքին կերպով Ադրբեջանում որոշ քայլեր արվել են։ Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափը պետք է նույնը մնա, բայց նկատել է, որ ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը՝ ավելացնելով այնտեղ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը։ Ես սա դիտարկում եմ՝ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձևաչափը փոխելու հեռանկարով։