Զուրաբյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինք չկազ...

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը լուրջ բանակցություններ է վարել Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի հետ, և արդեն մոտ են եղել դաշինք կազմելուն, բայց շրջադարձ է տեղի ունեցել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Շրջադարձն այն է, որ մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին։ Մենք երկու տարի շարունակ զբաղված էինք համախմբման գործընթացով, քննարկումներ էինք անում տարբեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի ստեղծեինք բևեռ, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր այլընտրանքը կլիներ։

Եթե ստեղծվեր «Ուժեղ Հայաստանի» հետ այդ դաշինքը, ապա Հայաստանում տեղի կունենար մի կարևոր էֆեկտ, որը ես կանվանեի հեղափոխական էֆեկտի վերելք, և դա կարևոր ազդակ կլիներ հատկապես չկողմնորոշված մարդկանց համար»,- նշել է Զուրաբյանը։

Նրա խոսքով` «Ուժեղ Հայաստանի» հաշվարկները, ըստ էության, ինչ–որ պահից այլ ուղղությամբ գնացին, այսինքն` այլ ստրատեգիայի` ընտրական տեխնոլոգիաների կիրառման կողմնակից եղան։ Զուրաբյանը վստահեցրեց, որ հարգում են նրանց որոշումը, հաջողություն են մաղթում, քանի որ, ի վերջո, նույն գործն են անում Փաշինյանի իշխանությունից ազատվելու համար։