Զուրաբիշվիլին Թբիլիսիում ներկայացրել է նոր գր...

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում ներկայացրել է նոր գրասենյակը և ասել, որ այնտեղ կշարունակի կատարել «նախագահի գործառույթները»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ես ուզում եմ ձեզ ընդունել այս նոր գրասենյակում, որը Օրբելիանի պալատի (նախագահական նստավայր-Խմբ.) շարունակությունն է, բայց այստեղ է նրա հոգին ու ոգին և նախագահի գործառույթները կշարունակվեն այստեղ»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ երկիրը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, որից ելքը կրկնակի խորհրդարանական ընտրություններ նշանակելն է։ Զուրաբիշվիլին ասել է, որ հանդիպելու է Վրաստանի բնակչության հետ, մասնավորապես, հունվարի 10-ին գնալու է երկրի արևմուտքում գտնվող Զուգդիդի քաղաք։

«Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ»,- ճեպազրույցում նշել է նա։

Զուրաբիշվիլիի գրասենյակը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում՝ Չովելիձեի փողոցում։ Ճեպազրույցի ժամանակ նրա հետևում, Վրաստանի և Եվրամիության դրոշներից բացի, դրված էր նախագահական ստանդարտը։

Դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։ 

Սրանք առաջին անուղղակի նախագահական ընտրություններն էին Վրաստանում։ Երդմնակալությանը զուգահեռ Զուրաբիշվիլին նախագահական նստավայրի բակում ելույթ է ունեցել աջակիցների ներկայությամբ և հայտարարել, որ լքում է այն, բայց շարունակելու է իր քաղաքական պայքարը։

Զուրաբիշվիլին չի ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և իրեն համարում է միակ լեգիտիմ նախագահը։