Զոհվածների ծնողների պահանջն է, որ գործերն ԱԱԾ...

Զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները դիմել են ինձ եւ խնդրում են, որ իրենց որդիների մասով հարուցված քրեական գործը ԱԱԾ-ն քննի: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Զինվորներ կային, որ ընդհանրապես պետք է առաջնագիծ չգնային: Մեկ ամսվա զինվորին տարել են առաջնագիծ: Այնպիսի բաներ են տեղի ունեցել, որոնք քրեաիրավական բնույթի կասկածներ են առաջացնում: Պատերազմից անցել է 4 ամիս, բայց մենք անընդհատ այս վերքը թողնում ենք բաց, այս ցավը բորբոքում ենք: Եթե այս մարդիկ քննչական ծառայություններից դժգոհ են, կարելի է ընդառաջել, թող ԱԱԾ-ն քննի, ի՞նչ է պատահել: Իրենց պահանջն է, որ անպայման ԱԱԾ-ն քննի եւ հրամանատարների մասով կոնկրետ քննություն տեղի ունենա: Պետք է տեղի ունենա գործերի բացահայտում»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ հանդիպմանը մասնակցել են Հադրութի Վանք գյուղում շրջափակման մեջ հայտնված 50 հոգու ծնողները եւ Մարտունի 2-ի 76 զինծառայողների ծնողները:

Նա հավելեց, որ կոնկրետ դեպքում 76 զինվորների մահվան մասին է. «Եթե Հադրութը հանձնել են, դրանից երկու օր հետո այս երեխաներին ինչու են տարել Հադրութ: Ընդ որում, ծնողները նշում են, որ խաբեությամբ են տարել, ասել են՝ տանում ենք ապահով վայր: Ապահով վայրը թշնամուն հանձնված Հադրո՞ւթն է:

Զինվորներին տարել են մի վայր, որտեղից ԱԹՍ-ն խոցել է, կարող էին պաշտպանված վայր տանել, տարրական ռազմագիտության տիրապետող մարդը հասկանում է՝ եթե անընդհատ ունենք օդից եկող վտանգ, ապա մենք պետք է առնվազն 7-8 մետր իրարից հեռու քայլենք, որ թիրախավորելը անհնար լինի և մի հոգու համար ԱԹՍ չեն ուղարկելու»,- նշեց պատգամավորը:

Թագուհի Թովմասյանը նաև հավելեց՝ տարերային իրավիճակ էր պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում այդ իրավիճակը շարունակվում է. «Անկազմակերպվածությունն արձանագրվել է պատերազմի օրերին՝ տարերային հավաք կազմակերպվեց, հետո կանգնեցվեց, մարդկանց տարան առաջնագիծ, որոնք կյանքում զենք չէին բռնել, այս տարերային վիճակը շարունակվում է հետպատերազմյան ժամանակաշրջանում ևս»,- ընդգծեց նա: