Զոհերի որոշ  ծնողներ ու հարազատներ իրենց օրեն...

Պատերազմի ավարտից հետո զոհված զինծառայողների որոշ ծնողներ և հարազատներ իրական խնդիր են դարձել Արցախի գլխին: Իրենց ցավն իհարկե հասկանալի է ու պետությունը պետք է անի ամեն բան, որպեսզի մեղավորները պատժվեն, իսկ  ընտանիքի անդամները մշտապես լինեն պետության հոգածության ներքո, բայց զոհված որդի կամ հարազատ ունենալու հանգամանքը օգտագործել անօրինականությունների դիմելու համար առնվազն անարգանք է առաջին հերթին հենց զոհերի հիշատակին:

 Պատերազմից հետո Արցախ մեկնած զոհերի ծնողներն ու հարազատները հենց առաջին օրից եղել են պետության հոգածության ներքո: Արցախի բյուջեի հաշվին նրանք ապրում են հյուրանոցներում և սնվում են:

 Տպավորություն է, որ այս իրավիճակն այնքան է դուր եկել որոշ մարդկանց, որ նրանք շարունակում են ապրել Արցախում պետական բյուջեի հաշվին անգամ այն դեպքում, երբ գտել են իրենց հարազատի մարմինը ու իրենց Ստեփանակերտում մշտական  կեցության կարիքը չկա:

 Արցախցի մեր ընթերցողները տեղեկացնում են, որ  զոհերի որոշ  ծնողներ ու հարազատներ իրենց օրենքից վեր են դասում, ավելին, ոմանց պահվածքը առնվազն անհամատեղության մեջ է մտնում իրենց կրած կորստի ցավի հետ: Ստեփանակերտցի մեր ընթերցողներից մեկը տեղեկացրեց, որ օրերս իր հարազատի մարմինը հուղարկավարած Մկրտիչ Մինասյանը (Մկո)  կրկին վերադարձել է Արցախ և հայտնի Տատիկ-Պապիկ արձանի մոտ մի խումբ տղամարդկանց և կանանց հետ  աղմկոտ միջոցառում է կազմակերպել ու նշել Ապրիլի 7: Ականատեսները չեն կարողացել ընկալել, թե ինչպես են հարազատներ կորցրած մարդիկ նման միջոցառում կազմակերպում:

 Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ որոշ ծնողներ ծեծի էին ենթարկել Արցախի ՊԲ զինծառայողների, այդ թվում բարձրաստիճան զինվորականների: Հիմա էլ Երևանում շրջափակված  է ՊՆ շենքը և նախարարության աշխատակիցները ու նախարարն անձամբ ուղղաթիռով են ճողոպրում իրենց աշխատավայրից:

 Իշխանությունները շտապ պետք է քայլեր ձեռնարկեն՝ առաջին հերթին պետք  է արագ լուծվի անհետ կորածների հարցը, իսկ հաջորդ քայլը պետք է լինի նրանց որոշ հարազատների  կողմից  Հայաստանում և Արցախում ստեղծված ամենաթողության  մթնոլորտի վերացումը: Ի վերջո, սա պետություն է, թե Ճրտոյի դուքյանը:

Հ.Գ. Կրկին անգամ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր զոհերի հիշատակի առաջ, բայց միևնույն ժամանակ  հիշեցնում, որ նրանք զոհվել են հանուն պետության, իսկ պետություն նշանակում է օրենքի գերակայություն: Օրենքի ոտնահարումն առաջին հերթին անարգանք է հենց այդ զոհերի հիշատակի նկատմամբ: