Զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետին

Մալիում տեղի է ունեցել նոր պետական ​​հեղաշրջում: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինվորականները ձերբակալել են երկրի ժամանակավոր նախագահ Բա Նդաուին և վարչապետ Մոկտար Ուանին․ նրանց տեղափոխել են երկրի մայրաքաղաք Բամակոյի մոտակայքում գտնվող Կաթիի ռազմաբազա:

«Նախագահական գվարդիան հրաժարվել է պաշտպանել նախագահին՝ թույլ տալով, որ զինվորականները տանեն նրան»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:

Հեղաշրջումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մալիում նոր կառավարություն է ստեղծվել անցումային կաբինետին փոխարինելու համար, որը հրաժարական է տվել մայիսի 14-ին: Նոր կաբինետում զինվորականները կգլխավորեն պաշտպանության, անվտանգության, տարածքային կառավարման և ազգային հաշտեցման նախարարությունները:

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 18-ին Մալիի զինված ուժերի կողմից, ընդամենը մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել իշխանության զավթում: Երկրի ղեկավարները բերման են ենթարկվել նահանգի մայրաքաղաք Բամակոյում գտնվող իրենց տներում․ նրանց ռազմական ավտոմեքենաներով տեղափոխել են բանակի ռազմաբազա, որտեղից էլ սկսվել է հեղաշրջումը: