Զինված բախումներ աֆղանա-պակիստանյան սահմանին

Աֆղանա-պակիստանյան սահմանին, «Թորհամ» անցակետի մոտ զինված բախումներ են տեղի ունեցել, գրել է «Հաշթ-է սուբհ» թերթը՝ հղում կատարելով աֆղանական Նանգարհար նահանգի աղբյուրներին։

ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ վաղ առավոտյան փոխհրաձգություն է սկսվել թալիբների եւ պակիստանցի սահմանապահների միջեւ։ Նշվել է, որ բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ նախօրեի երեկոյան թալիբները փակել են անցակետը տեղաշարժի համար։

Աֆղանական TOLONews հեռուստաալիքը նաեւ նշել է, որ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աֆղանական զորքերը մոտեցել են պակիստանյան ռազմակայանին։ «Թալիբան» շարժման պաշտոնական անձինք որոշում են կայացրել փակել «Թորհամ» անցակետը՝ «մինչեւ հետագա ծանուցում», նշել են ԶԼՄ-ները։