«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԱԾ քննչական դեպարտամենտի այցից 3 օր անց դատական համակարգում իրավիճակ է փոխվում: Հիմա էլ Գլխավոր դատախազության ու Բարձրագույն դատական խորհրդի միջեւ են կրքերը թեժանում: Այսօր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին:
Քրեական գործով՝ համակարգի գործարկման եւ շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։
Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին: Այսինքն՝ ԱԱԾ-ից բանալիները դուրս են եկել, ճանապարհին կորել են: Դատախազությունը պնդում է, որ դատարան ներկայացված գործերով մակագրման գործընթացը կարող է վերականգնվել, իսկ, ահա, դեպարտամենտը հակադարձում է՝ ըստ էության պնդելով, թե շարունակելու են ձեռքով մակագրել: Ինչու՞. քանի որ ձեռնտու է ԲԴԽ-ին ձեռքով մակագրման գործընթացը. սիրելի դատավորները այդպես կքննեն սիրելիների գործերը, առանց համակարգչի միջնորդության:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունններով՝ առեղծվածային բանալիները միգուցե այսօր Դեպարտամենտ ուշ հասնեն, քանի որ դատելով իրավիճակից՝ իրավապահները անձամբ չեն բանալիները տարել ԲԴԽ, այլ ուղարկել են փոստով: Սակայն արձանագրենք, թե ինչու 8 ամիս անց նոր իրավապահները հասկացան, որ այսպես չի կարելի, եւ բանալիները պետք է վերադարձվեն: Բանն այն է, որ մարտի 14-ին ԱԱԾ քՆնչական դեպարտամենտի պետը գնացել էր ԲԴԽ եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին ասել, որ գործով կատարվում են բազմածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ նշանակված դատահամակարգչային փորձաքննությունը սեղմ ժամկետում ավարտելու մասով գրավոր դիմել է փորձագիտական կետրոնին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքների մասին Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ կտեղեկացվի: Եվ, ահա, 3 օր անց որոշեցին, որ բանալիները վերադարձնելու ժամանակն է, այն էլ՝ անհաջող. դեռ չեն հասել տեղ:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում



