Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է 2018 թվականի մայիսի 1-ին:
Աշխատանքի խրախուսման քաղաքականության դրսեւորումը եղավ վարչապետի այստեղ-այնտեղ «մուննաթ» գալը քաղաքացիների վրա, մեկումեջ էլ՝ «ոչխար պահեք» եւ այլ նման խորհուրդները: Իսկ հիմա անդրադառնանք աղքատության մակարդակի վերաբերյալ նրա հայտարարությանը եւ համեմատենք աղքատության մակարդակի թվերը՝ ըստ տարիների. 2018 թվականին նա նշում էր, թե «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:
2017-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%, այսինքն՝ նրա կողմից ասված «շուրջ 30 տոկոս աղքատություն» բառակապակցությունն արդեն իսկ չափազանցություն է եղել եւ սուտ: 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23.5%-ն է աղքատ եղել, սակայն արդեն մյուս տարիներին ունեցել ենք աղքատության թվի աճ: 2019 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 26.4%: 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%, իսկ, ահա, աղքատությունը, ըստ վերին գծի, գնահատվել է 47.6 տոկոս: Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է քաղաքացիներին:



