«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ հանդիպելով Հանրապետության մայրաքաղաքում, այս տարի առաջին անգամ անցկացրեց համապետական Քաղաքական խորհրդի նիստ: ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար և «Ժառանգության» համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 55 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման և Արցախի մեծ մասի ու բուն Հայաստանի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ զոհված և շարունակաբար զոհվող հազարավոր հայորդիների հիշատակին:
Լսելով բազմաթիվ զեկուցումները և ընդունելով կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հաշվետվությունը, Քաղաքական խորհուրդը հանգամանորեն քննարկեց հայրենիքում և տարածաշրջանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ զարգացման հնարավոր դիպաշարերով:
Հովհաննիսյանը հանդես եկավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության հետ իր ներկայացուցչական գործունեության մասին զեկուցմամբ: Հայաստանի սասանված միջազգային վարկը, կենսական ազգային շահերը և քաղաքացիական համերաշխության հրամայականը դարձան ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հետագա քննարկումների հիմնական թեմաները:
Այս իրադրությունում «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը՝
ա) իր խորը մտահոգությունը հայտնեց ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ և անհապաղ զինադադարի ու առկա խնդիրների դիվանագիտական լուծման կոչ արեց,
բ) դատապարտեց Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների՝ 2021թ. հունիսի 15-ին ստորագրած, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» բռնազավթողական, պանթուրքական փաստաթղթի վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, նրանց կողմից շարունակական զավթողական գործողություններ կատարելու, սահմանի երկու կողմում մշակութային ցեղասպանություն իրականացնելու և մի քանի տասնյակ հայ ռազմագերիների ու Բաքվում պահվող անձանց հայրենադարձումը մերժելու համար,
գ) անթույլատրելի համարեց Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների չափանիշների կայուն անկումը և ավտոկրատիայի խորացմանն ուղղված ընդգծված միտումը, այդ թվում՝ խոսքի ազատության, դատաիրավական անկախության դեմ վերջերս իրականացված միջոցները,
դ) խստիվ քննադատության ենթարկեց իշխող վարչակարգի և նրա գործող ղեկավարի բևեռացնող ներքին քաղաքականությունն ու հռետորաբանությունը,
ե) մերժելի համարեց բռնազավթիչ հարևանների նկատմամբ նրա անդադրում, անհիմն թողտվությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքների ու Արցախի իրավական հիմքերի աննախադեպ զիջողական վարքագիծը, և
զ) կոչ արեց նրան հրաժարական տալ՝ արժանապատվություն ցուցաբերելով հանուն ազգի ապագայի:



