ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը իրեն թույլ է տվել ինչ որ կասկածելի խորհուրդներ տալ «Ժառանգություն» կուսակցության վարչությանը՝ նշելով մեզ համար հետագա քաղաքական ներկապնակում գույն ունենանլու գինը, առ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է անհապաղ մեկուսակցվի քաղաքական տիրույթից: ԱԺ նորաթուխ պատգամավորին պետք է կոչ անեմ հնարավորինս զուսպ մնալ և սեփական ղեկավարի կամ ղեկավարների մոտ հավելյալ բոնուսներ հավաքելու այլ տարբերակներ փնտրել:
Պետք է նշեմ, որ նաև «Ժառանգություն» կուսակցության և նրա հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երկար տարիների պայքարի արդյունքում են կյանքի կոչվել հայաստանյան նոր իրողությունների արժեբանական հիմքերը: Իրավական պետություն և իրավատեր քաղաքացի հարաբերակցությունը, որի հիմքերը այսօր նկատելի են ներհասարակական հարաբերություններում, նաև մեր երկարատև կենսապայքարի արդյունք են, որի շրջանակում տարատեսակ զրկանքներ ենք կրել: Մեզ համար առնվազն տարակուսելի և դատապարտելի է տարիների պայքարի արդյունքում և համաժողովրդական շարժման առաջնորդի անձնական վարկանիշի հաշվին ԱԺ պատերից ներս հայտնված որոշ պատգամավորների հրապարակային գործունեությունը և հայտարարությունները, որոնց վերջին երանգավորումները արդեն մտահոգվելու տեղիք են տալիս:
Այս մարդիկ, չունենալով քաղաքական հետնապատկեր, կարողություններ և հմտություններ, այդպես էլ չեն կարողանում դուրս գալ սև ու սպիտակի անտրամաբանական տրամաբանությունից, ինչը աստիճանաբար վտանգավոր երանգներ է ստանում: Պատգամավոր Ուլիխանյանը և այլոք լավ կանեն չմոռանան իրենց վրա դրված երկրի իրավական ու քաղաքական օրակարագի առողջացման իմպերատիվի մասին ու սեփական գործով զբաղվեն, այլապես վերջիններիս սպասվում է նախկինների տխուր ճակատագիրը և երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքել չկարողանալու անընդունակության ամոթի խարանը:
Պաշտոնապես, տրամաբանված և պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական օրակարգում Ռոբերտ Քոչարյանի և ընդհանրապես նախկին իշխանությունների ռեստավրացիայի որևէ տարբերակ չկա ու չի կարող լինել: Մեզ համար երկրի զարգացման հաշվարկված ու դեռևս հաշվարկվելիք բոլոր տարբերակները դուրս են երեք նախագահների փակուղային եռանկյունուց, ովքեր վատնել են ստացված, իսկ հիմնականում չստացված, բայց իրենց համար նկարված հասարակության վստահության քվեն: Հայաստանի քաղաքական համակարգում «Դարձ ի շրջանս իւր» տեղի ունենալ չի կարող, իշխանության մեծ ու փոքր բոլոր գործիչները լավ կանեն ականջներին օղ անեն, որ մենք տարիներ շարունակ առանց իրենց պայքարել ենք, պայքարում ենք, իրենց հետ, թե առանց իրենց շարունակելու ենք պայքարել «իրավատեր քաղաքացի, իրավական պետություն» համակարգը Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կյանքի կոչելու համար:
Հ.Գ. Հնարավոր ամենասեղմ ժամկետներում պատրաստվում ենք դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի կողմից ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի և հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան հասցեին հնչեցված պատգամավորին ոչ վայել արտահայտություններին պատշաճ գնահատական տալու համար:
«Ժառանգություն» կուսկացության
վարչության նախագահ
Անդրանիկ Գրիգորյան



