Ժան Կլոդ Վան Դամը ՌԴ նախագահ Պուտինին առաջարկ...

Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը տեսաուղերձ է ձայնագրել՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նա նշել է, որ ցանկանում է այցելել Ռուսաստան՝ «խաղաղության դեսպան» դառնալու նպատակով։ Ձայնագրությանը ներկա է նաև ուկրաինացի գործարար և նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն։

Կոչը հրապարակվել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյի «Տելեգրամ»-ի ալիքում։

«Մենք ցանկանում ենք գալ Ռուսաստան: Մենք կփորձենք դա անել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, որպեսզի ես հնարավորություն ունենամ դառնալ խաղաղության դեսպան: Ես կցանկանայի լինել այդպիսին, ինձ համար պատիվ կլիներ կրել այդ կոչումը», - ասել է Վան Դամը:

Դերասանը շեշտել է, որ մտադիր չէ քաղաքական թեմաներ շոշափել, այլ ցանկանում է խոսել բացառապես «խաղաղության, սպորտի և երջանկության մասին»։ Իր ուղերձի վերջում Ժան-Կլոդ Վան Դամը «մեծ համբույր» է հղել Պուտինին, նրա ընտանիքին և ողջ ռուս ժողովրդին։