Ժամանակավոր սառեցրել ենք հարցը. Բաղունցը` Արց...

Ինձ համար այդպես էլ գաղտնիք մնաց, թե որտեղից է այդ տեղեկությունը, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորները չեն հավաքվում, կամ էլ քվորում չի ապահովվում, ինչի մասին տարբեր լրատվամիջոցներ տեղեկացնում են, նման խնդիր չկա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չի հաջողվում ընտրել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ, ինչու պատգամավորները չեն կարողանում հավաքվել և այդ հարցը լուծել։

«Կան բավականին լուրջ քննարկումներ, որոնք նկատի են առնում և մեր ամբողջ պոտենցիալը՝ թե՛ քաղաքական, թե՛ հանրային, և հաշվի են առնում Հայաստանի Հանրապետությունում տիրող մթնոլորտը և այն մարտահրավերները, որոնք կան Հայաստանի Հանրապետության իշխանությունների մոտ։

Մենք բոլոր այդ հանգամանքները նկատի առնելով ժամանակավոր այդ հարցը սառեցրել ենք։ Բռնի տեղահանումից և Հայաստան տեղափոխվելուց հետո մենք մեր բոլոր քայլերը հաշվարկում ենք և ծրագրավորում ենք նկատի առնելով այն հանգամանքը որ մենք կորցնելով Արցախը և մեզ համարելով մի կողմից մեր փոքր հայրենիք Արցախի քաղաքացիներ, մյուս կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, փորձում ենք մեր բոլոր քայլերը պլանավորենք այնպես, որ հանկարծ չվնասենք Հայաստանի Հանրապետությանը»։

Հարցին՝ կա՞ն ճնշումներ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի ինստիտուտների պահպանման հարցում, Բաղունցը պատասխանեց. «Երևի դուք ինքներդ այդ հարցի պատասխանը շատ լավ գիտեք՝ դիտելով այն ելույթները, այն հայտարարությունները, որոնք հնչում են տարբեր հարթակներում։ Մենք պատրաստ ենք նման ճնշումներին, եթե դա կարելի է ճնշում անվանել։ Մենք, իհարկե, կուզենայինք, որ ՀՀ իշխանություններն ավելի ակտիվ օժանդակեին մեր քաղաքական և սոցիալ-տնտեսական հարցերին, որոնք վերաբերում են Արցախի ժողովրդի, բայց այնուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք։