Զենքի եվրոպական ներմուծումը 2020-2024թթ. ավել...

Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զեկույց 2020-2024թթ. սպառազինությունների համաշխարհային առեւտրի վիճակի մասին։ Նշվել է, որ եվրոպական ռազմական ներմուծումն այդ ընթացքում ավելացել է 155 տոկոսով 2015-2019թթ. համեմատ, որպես Ուկրաինայում հակամարտության եւ ԱՄՆ ապագա քաղաքականության անորոշության պատասխան։ Համաշխարհային վաճառքում Միացյալ Նահանգների մասնաբաժինն ավելացել է մինչեւ 43 տոկոս, իսկ ռուսական արտահանումը կրճատվել է 64 տոկոսով, տեղեկացրել է SIPRI-ն: Սպառազինությունների ընդհանուր վաճառքը հիմնականում մնացել է նույնը, ինչ 2015-2019թթ., ինչպես նաեւ 2010-2014թթ., սակայն 18 տոկոսով ավելի են եղել, քան 2005-2009թթ.։  Եվրոպական եւ երկու Ամերիկաների ներմուծման աճը ​​հավասարակշռվել է այլ տարածաշրջաններում ռազմական գնումների նվազմամբ: Աշխարհում 2020-2024թթ. զենքի 10 լավագույն արտահանողների SIPRI-ի ցուցակը նույնն է, ինչ 2015-2019թթ., ընդ որում՝ առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը եւ Գերմանիան: Սակայն Ռուսաստանի Դաշնությունը, գլոբալ 7,8 տոկոս մասնաբաժնով, տեղափոխվել է երրորդ տեղ՝ Ֆրանսիայից հետո (9,6 տոկոս), իսկ Իտալիան (4,8 տոկոս) 10-րդից հայտնվել է 6-րդ տեղում։ Զենքի խոշոր արտահանողների թվում Չինաստանը 2020-2024թթ. չորրորդ տեղում էր՝ գլոբալ ծավալի 5,9 տոկոս մասնաբաժնով։ Զեկույցի հեղինակները նշել են, որ չնայած իր արտադրանքը գովազդելու Չինաստանի ջանքերին՝ շատ խոշոր ներկրողներ հրաժարվում են գնել այն քաղաքական նկատառումներով։