Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները նշանավորվում են դարավոր բարեկամությամբ և ռազմավարական նոր մակարդակի են հասել հատկապես վերջին տարիներին։ Տարածաշրջանային զարգացումները, կապակցվածության նախագծերը և պատմական խորը կապերը հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման համար։
Հայաստան-Հնդկաստան պատմական կապերը
Հնդկաստանը Հայաստանը համարում է ոչ միայն երկկողմ գործընկեր և Հարավ-արևմտյան Ասիան Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապելու իր ավելի լայն տեսլականի մաս, այլև Երևանի հետ հարաբերությունները դիտարկում է պատմական խորը կապերի տեսանկյունից։
Նյու Դելիում լրագրողների հետ զրույցում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը շեշտեց՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, մենք այդ հարաբերությունները դիտարկում ենք պատմական տեսանկյունից։
«Մեզ միավորում են դարերի և հազարամյակների շփումները։ Կցանկանայի հիշել մի պատմություն, երբ անկախությունից հետո առաջին այցի ժամանակ ձեր ղեկավարն ինքնաթիռից իջնելուն պես համբուրեց հողը (խմբ.՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը 1995 թ. դեկտեմբերին)։ Նա ասաց. «Այս հողն այնքան յուրահատուկ է մեզ համար»։ Եվ այսպես, կարող եմ ասել, որ մենք կիսում ենք նույն զգացողությունը», - նշեց պաշտոնյան։
Ռանդհիր Ջայսվալի խոսքով՝ Հայաստանի և Հնդկաստանի բարեկամությունը շատ յուրահատուկ է, և հենց այս պատմական հենքի վրա էլ շարունակում են զարգանալ երկու երկրների հարաբերությունները։
«Չէի ասի, որ մենք դրան նայում ենք երկկողմ կամ ավելի լայն տարածաշրջանային տեսանկյունից։ Մենք դրան նայում ենք մշակութային, ժողովուրդների միջև ուժեղ կապի տեսանկյունից։ Այս հարաբերությունները պատմական խորություն ունեն։ Եվ հենց դա է դրանք դարձնում այդքան յուրահատուկ», - նշեց խոսնակը։
Տարածաշրջանային դաշինքները և Հնդկաստանի դիրքորոշումը
Միևնույն ժամանակ, Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացման, Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների ֆոնին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերություններն ավելի ու ավելի են զարգանում՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ։
«Քանի որ մենք կարևորում ենք Հայաստանի հետ գործընկերությունը, մենք ցանկանում ենք ավելի ամրապնդել այդ կապերը։ Եվ մենք աջակցում ենք Հայաստանին մի քանի եղանակով։ Մենք ունենք ամուր երկկողմ կապեր։ Մենք ունենք քաղաքական կապեր։ Մենք այժմ ունենք շատ ամուր պաշտպանական հարաբերություններ։ Եվ մենք ցանկանում ենք տեսնել ձեր երկրի հետագա բարգավաճումը», - նշեց Ռանդհիր Ջայսվալը։
Պաշտոնյան հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը Պակիստանի հետ։ Ինչպես հայտնի է՝ Բաքուն և Անկարան Քաշմիրի հարցում աջակցում են Իսլամաբադին։ Այս առնչությամբ նա նշեց, որ Հնդկաստանը փորձում է դիմակայել առկա մարտահրավերներին։
«Մենք ձգտում ենք ամրապնդել մեր դիրքերը. կան երկրներ, որոնք ցանկանում են միավորվել ընդդեմ որոշ կողմերի շահերի, ուստի, ակնհայտորեն, մենք կփորձենք համագործակցել մեր գործընկերոջ հետ և տեսնել, թե ինչպես կարող ենք լավագույնս հաղթահարել այդ մարտահրավերները», - նշեց Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը։
Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքական և անվտանգության զարգացումների, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ջայսվալը նշեց, որ Նյու Դելին «շատ ուշադիր» հետևում է զարգացումներին՝ վստահեցնելով՝ «Հնդկաստանը կանգնած է Հայաստանի կողքին»։
Պաշտպանական համագործակցություն
Անդրադարձ եղավ նաև Երևանի և Նյու Դելիի միջև պաշտպանական համագործակցությանը. Հնդկաստանը վերջին տարիներին մեծապես զարգացրել է պաշտպանական արդյունաբերությունը՝ զենք ներմուծող երկրից արագորեն վերածվելով զենքի խոշոր արտահանողի։ Հնդկաստանում արտադրված տարբեր զինատեսակները՝ հրթիռներից, ռադարներից, հրետանային զենքերից մինչև զրահապատ մեքենաներ ու հակաօդային պաշտպանության հրթիռներ, արտահանվում են շուրջ 100 երկիր։
Ըստ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալների՝ 2024-2025 ֆինանսական տարվա ընթացքում երկիրն արտահանել է 2,76 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք, ինչը 12,04%-ով ավելի է 2023-2024 ֆինանսական տարվա ցուցանիշից։
«Հնդկաստանն այսօր շատ բան ունի առաջարկելու Հայաստանին և աշխարհին, երբ խոսքը վերաբերում է պաշտպանական ներգրավվածությանը: Եվ այն, ինչ տեսնում եք, այն ամենը, ինչ կատարվում է Հնդկաստանի և Հայաստանի հետ, մեր ունեցած հատուկ ուժի կամ միավորող ուժի մի մասն է: Այսօր Հնդկաստանում մեր պաշտպանական արտահանումը զգալիորեն աճել է ամբողջ աշխարհում: Շատ երկրներ հետաքրքրված են մեր առաջարկներով: Մենք ստեղծում ենք առաջադեմ հարթակներ: Եվ մենք ցանկանում ենք համագործակցել երկրների հետ, որպեսզի նրանք նույնպես կարողանան օգտվել մեր աշխատանքի արդյունքից», - նշեց խոսնակը:
Հայաստանի դերը տարածաշրջանային կապակցվածության համատեքստում
Հնդկաստանը մեծ նշանակություն է տալիս նաև տարածաշրջանային կապակցվածությանն Իրանի Չաբահարի նավահանգստի և Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի միջոցով։
Չաբահարի նավահանգիստը, որը Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի մաս է կազմում, ռազմավարական նշանակություն ունի Հնդկաստանի համար. այն կարևոր ծովային և ցամաքային երթուղի է ապահովում դեպի Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանն այս համատեքստում մեծ կարևորություն ունի, քանի որ հանդիսանում է տարանցիկ երկրներից մեկը Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքում, որը Հնդկաստանը Պարսից ծոցի, Իրանի, Սև ծովի և Վրաստանի միջոցով կապում է Եվրոպայի հետ։
«Կապակցվածության նախագծերը մեզ համար շատ կարևոր են։ Լինի դա Չաբահարի նավահանգիստը, Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքը կամ մի շարք այլ կապակցվածության նախագծեր, որ մենք այսօր առաջ ենք մղում աշխարհի տարբեր հատվածներում, կապակցվածությունը բարգավաճում է բերում, իսկ բարգավաճումը երջանկություն է բերում մարդկանց։ Ավելի շատ բարգավաճում, ավելի շատ առաջընթաց՝ ահա մեր ուղերձը։ Կապակցվածության նախագծերի միջոցով մենք ցանկանում ենք խթանել տնտեսական աճը։ Մենք ցանկանում ենք ընդլայնել արտահանման և ներմուծման կապերը։ Մենք ցանկանում ենք ապրանքների և ծառայությունների, տեխնոլոգիաների տեղաշարժ և, ընդհանուր առմամբ, բարգավաճում», - ասաց Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը։
Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքում Հայաստանի դերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ջայսվալը նշեց, որ ցանկացած երկիր պետք է մասնակցություն ունենա, քանի որ դա բարեկեցություն կբերի բոլորին։ Ինչ վերաբերում է այս առնչությամբ Ադրբեջանի դերակատարությանը, պաշտոնյան ասաց. «Բոլոր երկրները, որոնք կարող են նպաստել դրան, պետք է մասնակցեն»։
Հայաստանի հետ համագործակցության այլ ոլորտները
Հնդկաստանի արտգործնախարարության խոսնակը նաև ընդգծեց, որ Նյու Դելին ձգտում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդական փոխանակումների։ Այս ոլորտներից մի քանիսում պաշտոնյան բարելավման կարիք է տեսնում։
«Հավասարակշռված հարաբերությունների համար յուրաքանչյուր հատված պետք է լինի հավասարապես ուժեղ: Մենք ունենք լավ պատմական հարաբերություններ, լավ մշակութային հարաբերություններ, մենք ունենք ժողովուրդների միջև լավ կապեր։ Պետք է լինի ավելի շատ առևտուր երկու երկրների միջև։ Մեր պաշտպանական հարաբերությունները լավ են. երկու երկրների միջև պետք է լինի ավելի շատ զբոսաշրջություն, ավելի շատ փոխանակումներ մեր ուսանողների և մեր երիտասարդների միջև, որպեսզի մենք ունենանք դիվերսիֆիկացված հարաբերություններ, որովհետև երբ դիվերսիֆիկացնում եք հարաբերությունները, դա բերում է գործընկերության իրական ամրապնդման», - նշեց Ջայսվալը:
Երկկողմ շփումների դինամիկան՝ որպես հարաբերությունների զարգացման գրավական
Անդրադառնալով 2025 թվականին Հնդկաստան այցելող հայկական պատվիրակությունների մեծ թվին՝ խոսնակն ասաց, որ այս դինամիկան ինքնին բավական խոսուն է։
«Հնդկաստան-Հայաստան հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են։ Քաղաքական, առևտրի, տնտեսական և մշակութային մակարդակներում պատվիրակությունների միջև բազմաթիվ փոխանակումներ կան։ Մենք հարմարավետություն ենք զգում մեր հարաբերություններում։ Մենք վստահում ենք միմյանց։ Եվ սա է այս գործընկերության, այս բարեկամության շարժիչ ուժը», - եզրափակեց Ռանդհիր Ջայսվալը։



