
Ուկրաինան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից երկրի տարածքի բռնակցումը, նույնիսկ եթե դա լինի խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։
Ըստ Զելենսկիի, որի խոսքը մեջբերում է The Guardian պարբերականը, նման համաձայնությունն ապագայում կարող է հանգեցնել լարվածության։
Չնայած Ռուսաստանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներն իրեն են պատկանում, Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար դա միշտ լինելու է «ժամանակավոր օկուպացիա»։
Նա այն կարծիքն է հայտնել, որ Ուկրաինային աջակցող կամ միջնորդներ լինել ցանկացող երկրները հասկանում են, որ եթե հակամարտությունն ավարտվի ոչ այնպես, ինչպես ճիշտ է համարում Կիևը, ապա մարդիկ ժամանակի ընթացքում կցանկանան վերականգնել արդարությունը։
«Մենք չենք ցանկանում ոչինչ, ինչը մեզ չի պատկանում», - վստահեցրել է նա:
Ավելի ուշ Զելենսկին հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ երկրին անհրաժեշտ է խաղաղություն, ոչ թե մշտական պատերազմ, այդ պատճառով էլ Կիևն ասում է, որ «անվտանգության երաշխիքները դրա բանալին են»։
«Մոտ ապագայում մենք բոլորս Եվրոպայում կձևակերպենք մեր ընդհանուր դիրքորոշումները՝ այն սահմանները, որոնց պետք է հասնենք և այն սկզբունքները, որոնց հարցում մենք չենք կարող զիջումների գնալ։ Այս դիրքորոշումները կներկայացվեն ԱՄՆ-ի մեր գործընկերներին։ Ամուր և տևական խաղաղությունը, ինչպես նաև պատերազմը դադարեցնելու պատշաճ համաձայնությունը իսկապես մեր ընդհանուր առաջնահերթությունն է», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը: