Հյուսիսային Կորեան ոչ միայն զենք է մատակարարում, այլեւ փաստացի իր քաղաքացիներին ուղարկում է կռվելու Ուկրաինայի դեմ ռուսական զորքերում, հայտնել է Վլադիմիր Զելենսկին երեկոյան հեռուստաուղերձում։
«Մենք տեսնում ենք, որ խորանում են Ռուսաստանի եւ այնպիսի վարչակարգերի միջեւ դաշնակցային հարաբերությունները, ինչպիսին է Հյուսիսային Կորեան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Այս պայմաններում գործընկերների հետ Ուկրաինայի հարաբերությունները հետագա զարգացման կարիք ունեն, ասել է նա։ «Ճակատը ավելի մեծ աջակցության կարիք ունի»,- ընդգծել է Զելենսկին՝ հերթական անգամ նշելով, որ Ուկրաինան պետք է օգտագործի հեռահար զենքը ռուսական տարածքին հարվածելու համար։
Ավելի վաղ հոկտեմբերին բրիտանական The Times-ը գրել էր, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է մատակարարում մոտ երեք միլիոն հրետանային ականների կեսը, որոնք ՌԴ զորքերն ամեն տարի օգտագործում են Ուկրաինայի դեմ պատերազմում։ The Guardian-ը, հղում կատարելով ուկրաինական աղբյուրներին, տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի ռազմական ինժեներներն օգնում են ռուսական զորքերին հարվածներ հասցնել Ուկրանային KN-23 հյուսիսկորեական հրթիռներով։
The Washington Post-ը, հղում կատարելով ուկրաինական եւ հարավկորեական պաշտոնական անձանց, նշել է, որ Հյուսիսային Կորեայի զինծառայողներն արդեն մասնակցում են մարտերին ՌԴ կողմից, եւս մի քանի հազար զինվորականներ պատրաստվում են Հյուսիսային Կորեայում, որպեսզի գուցե հետագայում մեկնեն Ուկրաինա՝ կռվելու, հիշեցրել է «Ազատություն» ռադիոն։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս հրապարակումը, այն անվանել է «հերթական տեղեկատվական հնարք»։