Զելենսկին «հաղթանակի պլանում» ներառել է գործո...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «հաղթանակի պլանը», որը նա պատրաստվում է ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ենթադրում է գործողության շարունակում Կուրսկի մարզում եւ «կոնկրետ» ժամանակակից սպառազինությունների ստացում Արեւմուտքից, գրել է The Times-ը։

Պլանի մեջ են մտնում նաեւ, ըստ պարբերականի, անվտանգության երաշխիքներն Ուկրաինայի համար եւ միջազգային ֆինանսական օգնությունը պատերազմից քայքայված ուկրաինական տնտեսության համար։

ԱՄՆ ժամանելուց առաջ Զելենսկին, որը հանդես է գալու ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում եւ հանդիպելու է Բայդենի հետ, նա ընդգծել է, որ իր «հաղթանակի պլանին» անհրաժեշտ է Վաշինգտոնի եւ մյուս դաշնակիցների արագ աջակցությունը, որպեսզի Ուկրաինան ուժի դիրքերից կարողանա սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ մինչեւ այս տարվա վերջ։

«Եկեք ամեն ինչ անենք այսօր, քանի դեռ բոլոր պաշտոնյաները, որոնք ցանկանում են Ուկրաինայի հաղթանակը, պաշտոններում են»,- ասել է Զելենսկին։ Նա ցանկանում է [նախագահի թեկնածու Դոնալդ] Թրամփից «պաշտպանել» Ուկրաինայի ամերիկյան աջակցությունը։

Մինչ այդ Զելենսկին ասել էր, որ Կիեւի «հաղթանակի պլանը» կազմված է հինգ կետերից։ «Չորսը այն է, ինչն անհրաժեշտ է մեզ, եւ մեկը՝ պատերազմից հետո»,- նշել է նա NBC News-ի հարցազրույցում։ Այդ պլանը, ըստ նրա, կարելի է իրականացնել միայն արեւմտյան դաշնակիցների օգնությամբ։

Բայդենից բացի Զելենսկին իր պլանը կներկայացնի նաեւ ԱՄՆ նախագահի թեկնածուներին՝ փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսին եւ հանրապետական Թրամփին։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները մեծ նշանակություն կունենան ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, նշել է արեւմտյան դիվանագետներից մեկը The Times-ին։ «Եթե ռուսները գան այն եզրակացության, որ Վաշինգտոնում կա կառավարություն, որը մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային, դա որոշակիորեն կփոխի նրանց վերաբերմունքը հնարավոր բանակցությունների հանդեպ։ Բայց եթե նրանք զգացողություն ունենան, որ դա Դոնալդ Թրամփն է, որը, գուցե,  նրանց կառաջարկի պարզ ելք, ապա դա ամեն ինչի վերջը կլինի»,- ասել է պարբերականի զրուցակիցը։

Մեկ այլ դիվանագետի խոսքով՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան չի կարողանա դուրս քշել ռուսական բանակն իր տարածքից, բայց հակամարտության սառեցումը ճակատի ընթացիկ գծում «կդառնար աղետալի արդյունք»։ «Դա հաստատ չի կարող հիմք լինել բանակցությունների համար»,- ընդգծել է The Times-ի զրուցակիցը։ Նա միաժամանակ նշել է, որ ցանկացած բանակցություն «շատ, շատ բարդ եւ ցավագին կլինի Ուկրաինայի համար»։