Անհրաժեշտ է ԵՄ երկրներից հարյուր հազարավոր խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո՝ կանխելու համար ռուսական նոր հարձակումը, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Բոլոր եվրոպացիների՞ց։ 200 հազարը նվազագույնն է։ Դա նվազագույնն է, այլապես ոչինչ չի լինի», ասել է Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։ Ինչպես նշել է Reuters-ը, դա մոտավորապես հավասար է Ֆրանսիայի զինված ուժերի թվաքանակին 2020թ. դրությամբ։ Financial Times-ի տվյալներով՝ ՆԱՏՕ եվրոպական անդամները պաշտոնապես ունեն 1,9 մլն զինվոր, սակայն իրականում նրանց համար դժվար կլինի ավելի քան 300 հազար զինվոր ուղարկել Ուկրաինա։ Ավելին, ամիսներ կպահանջվեն այս զորակազմի պատրաստման համար։
Զելենսկին նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը խաղաղ բանակցությունների ընթացքում պատրաստվում է պահանջել, որ Ուկրաինան չընդունվի ՆԱՏՕ եւ «հինգ անգամ» կրճատել ուկրաինական բանակը։ «Մենք դա թույլ չենք տա»,- ընդգծել է Զելենսկին։ 2024թ. հունվարին նա ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կազմում են 880 հազար զինվոր եւ սպա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ առաջարկել էր Ուկրաինա ուղարկել արեւմտյան զինվորական զորակազմ անցյալ տարվա փետրվարին։ Դրանից հետո եվրոպական երկրները սկսեցին քննարկել նման քայլի հնարավորությունը ռազմական գործողությունների դադարեցման դեպքում՝ վերահսկելու համար հրադադարի պահպանումը։ Այս հարցով հետաքրքրություն է ցուցաբերել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սակայն, ինչպես գրել է Wall Street Journal-ը, Փարիզում Մակրոնի եւ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ ամերիկյան բանակը չի մասնակցի խաղաղապահ առաքելությանը։ Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության եւ աջակցության գլխավոր դերը պետք է պատկանի Եվրոպային։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ԵՄ երկրները կոնկրետ բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման կամ սառեցման դեպքում Ուկրաինա ռազմական զորակազմեր ուղարկելու վերաբերյալ։ Ինչպես Reuters-ին հայտնել են աղբյուրները, նման առաքելության նվազագույն չափը կարող է լինել 40 հազար զինվոր, եւ այն հիմնված կլինի հինգից ութ երկրների զորակազմի վրա, այդ թվում՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Լեհաստանի։ Միաժամանակ, եվրոպական անվտանգության ծառայությունները կարծում են, որ 100 հազար զինվորական կպահանջվի Ուկրաինային ռուսական ագրեսիայի կրկնությունից պաշտպանելու համար։