Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելով, որ Ուկրաինան կարող է կտրուկ բարձրացնել պատերազմի գինը Ռուսաստանի համար և կոչ անելով անձամբ հանդիպել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Նամակը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։
Իր նամակում Զելենսկին նշում է, որ «պատերազմն ավելի ու ավելի բացասական է ազդում Ռուսաստանի վրա»: Նրա խոսքով՝ ՌԴ բնակիչներին դուր չեն գալիս «մեր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները», բենզինի պակասը, մշտական սահմանափակումները և նախատեսվող զորահավաքը։
Հղում անելով հետախուզական տվյալներին՝ Զելենսկին նաև հայտնել է, որ մայիսին Ուկրաինայի առաջնագծում սպանվել կամ ծանր վիրավորվել է 30 000 ռուսաստանցի, և որ այս ցուցանիշը պահպանվում է մի քանի ամիս շարունակ։
Զելենսկու խոսքով՝ «Ռուսաստանի կորուստների 63%-ը զոհերն են և միայն 37%-ը՝ վիրավորները»։
«21-րդ դարում բանակները չեն կարող իրենց թույլ տալ նման հավասարակշռություն։ Զոհվածների համամասնությունը ապագայում կաճի», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա կոչ է արել Պուտինին դեմ առ դեմ բանակցություններ վարել չեզոք երկրում և կրկին մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ հանդիպելու Մոսկվայում։
Զելենսկին նշել է, որ Պուտինի կառավարման 26 տարիներն «ամբողջությամբ փոխել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների օրակարգը»։
«Մեր ժողովուրդներն առևտրի և քաղաքացիական այլ հարցերի քննարկումից անցել են բացառապես հարվածների և կորուստների մասին խոսելուն», - նշել է նա։
Նա նաև գրել է, որ Միացյալ Նահանգներն իր ողջ ուշադրությունը նվիրում է Իրանի հարցին, և սխալ կլինի պարզապես սպասել, թե երբ հերթը կհասնի Եվրոպայում պատերազմին։
«Ուկրաինան առաջարկում է պատերազմը դադարեցնել մեր և ձեր միջև ձևաչափով», - գրել է նախագահը։
Իր բաց նամակում Զելենսկին նաև մի քանի կետ է նշել Պուտինի հետ բանակցությունների նախապատրաստման և դրանց ձևաչափի վերաբերյալ։
Մասնավորապես, նա առաջարկել է նշանակել հստակ ամսաթիվ և անցկացնել հանդիպումը երրորդ երկրում, ոչ թե Մոսկվայում կամ Կիևում։ Նա առաջարկել է Շվեյցարիան, Թուրքիան, արաբական երկրները։ Զելենսկին նաև առաջարկել է Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությունը բանակցություններին՝ նշելով, որ պատերազմը տեղի է ունենում Եվրոպայում, և տրամաբանական է թվում նրանց մասնակցությունը, ովքեր կարող են հանդես գալ որպես երաշխավորներ։
Զելենսկին նաև առաջարկել է կրակը դադարեցնել ներկայիս առաջնագծում։
«Ներկայիս առաջնագիծն այն գիծն է, որտեղից պետք է սկսվի դիվանագիտությունը։ Ուկրաինան պատրաստ է լիովին դադարեցնել կրակը բանակցությունների ողջ ընթացքում», - գրել է նա։
Ուկրաինայի նախագահն առաջարկել է նաև ԱՄՆ-ի կողմից հրադադարի մոնիթորինգ և գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
«Եթե դուք անձամբ ձեր մտքում չհանգեք այն եզրակացության, որ ժամանակն է ավարտել այս պատերազմը, Ուկրաինան կշարունակի պայքարել իր գոյության համար։ Մեզ հետ կլինեն նրանք, ովքեր կաջակցեն մեզ։ Բայց դուք նույնպես ստիպված կլինեք շատ ավելի մեծ ջանքեր գործադրել՝ պայքարելու ձեր սեփական գոյության համար. ոչ թե Ռուսաստանի, այլ ձեր սեփական։ Եվ սա սպառնալիք չէ ինձնից կամ Ուկրաինայից։ Սրանք Ռուսաստանի պատմության փաստեր են, որոնք դուք լավ գիտեք. երբ Ռուսաստանը հոգնում է, տեղի են ունենում փոփոխություններ։ Մենք կարող ենք աշխատել նման ուժասպառության հասնելու համար։ Դուք կարող եք դադարեցնել ձեր պատերազմը», - եզրափակել է իր նամակը Զելենսկին։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան նշել է, որ Զելենսկու նամակը Պուտինին պաշտոնապես կփոխանցվի դիվանագիտական ուղիներով։
«Այս բաց նամակը լուրջ և իմաստալից առաջարկ է պատերազմը դադարեցնելու համար։ Ուղիղ Ուկրաինայի նախագահից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Հստակ, իրագործելի քայլերով և անձամբ հանդիպելու հրավերով», - գրել է Սիբիհան X սոցիալական ցանցում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Կիևը սպասում է այս առաջարկին Մոսկվայից բովանդակալից պատասխանի։



