Զբոսաշրջության ոլորտում մարքետինգային քաղաքակ...

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանն իր մարքետինգային քաղաքականությունը կենտրոնացնելու է 4 ուղղության և 5 երկրի վրա: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Քերոբյանն ասաց, որ զբոսաշրջային ենթակառուցվածքները էական բարելավման կարիք ունեն:

«Զբոսաշրջության ոլորտում մեր մարքետինգային քաղաքականությունը հիմնված է լինելու 4 հիմնական ուղղությունների, 5 երկրների վրա: Մենք շատ սահմանափակ մարքետինգային ռեսուրսներ ունենք:  4 ուղղություններն են մշակույթը, բնությունը, գաստրո և արկածային ուղղությունները: Իսկ 5 երկրները՝  Ռուսաստանը, Իրանը (որոնք հիմա էլ հանդիսանում են ամենամեծ զբոսաշրջային մատակարարները), ինչպես նաև Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը»,- ասաց Քերոբյանը:

 Նախարարի խոսքով՝ իրենք այդ 5 երկրների և 4 ուղղությունների ուղղությամբ են փորձելու ուժերը կենտրոնացնել առաջիկայում, որպեսզի կարողանան հասնել թիրախին: