
2024 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 2 միլիոն 208 հազար մարդ, ինչը 2023 թվականի համեմատ նվազել է մոտ 4.7 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ զբոսաշրջիկների թվի նվազման հիմնական գործոնը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած այցելուների թվի կրճատումը։
«Մեր կանխատեսումներով՝ այս միտումը ժամանակավոր բնույթ է կրում։ Այն պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի քաղաքացիների՝ 2022-2023 թվականներին Հայաստան մեծ ներհոսքի հանգամանքով։ Այժմ նշված գործոնները հետզհետե վերադառնում են իրենց բնական մակարդակներին»,-ասաց Հովհաննիսյանը։