
Իրան-իսրայելական հակամարտության եւ Հայաստանում աճող լարվածության ֆոնին, որը պայմանավորված է կառավարության պաշտոնյաների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եւ ՀԱԵ այլ հոգեւորականների դեմ հարձակումներով, «Զանգեզուրի միջանցքը» բացելու պահանջները նոր թափ են հավաքում: Վերջին նման պահանջը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւը: «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, այլընտրանք չկա»,- մեջբերում է կատարել APA-ն։ Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը Սեւծովյան տարածաշրջանի մաս է կազմում»։ «Գլխավոր սկզբունքը համագործակցությունն է։ Ի՞նչ համագործակցություն կլինի առանց «Զանգեզուրի միջանցքի»։ Համագործակցության մի քանի ճանապարհ կա։ Օրինակ՝ Իրանի միջով։ Բայց այսօր տնտեսությունում բոլորը փնտրում են էժան ճանապարհներ, եւ ամենաէժան ճանապարհն անցնում է «Զանգեզուրի միջանցքով»։ Այսօր «Զանգեզուրի միջանցքը» առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ Ադրբեջանն արդեն լուծել է իր հարցերը։ Հետեւաբար, կարծում եմ, որ նրանք նույնպես խելքի կգան, եւ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, այլընտրանք չկա։ Աշխարհում կան նման օրինակներ։ Ռուսաստանից Կալինինգրադ գնացքն անցնում է Լիտվայով, բայց այն չի ստուգվում։ Ինչպե՞ս կարող են ինձ ստուգել, երբ ես իմ երկրի մի շրջանից մյուսն եմ գնում։ Ադրբեջանի քաղաքացիների անցումը պետք է լինի առանց ստուգման»։