
Թուրք քաղաքական փորձագետ Էսմա Օզդաշլըն Բաքվում ընթացող «Թուրք-ադրբեջանական հարաբերությունների համար նոր աշխարհաքաղաքական իրողություններ ստեղծող սպառնալիքները եւ հնարավորությունները» միջոցառմանը միացել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու եւ «Զանգեզուրի միջանցքը» բացելու պահանջներին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ քաղաքագետը հայտնել է, որ եթե Հայաստանը հրաժարվի «Զանգեզուրի միջանցքը» բացելուց, Ադրբեջանն ունի այլընտրանք Իրանի տարածքով անցնող միջանցքի միջոցով։
Միաժամանակ, թուրք քաղաքագետը կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի իրականացումը ավելի շահեկան կլինի հենց Հայաստանի համար»։
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում։ Որովհետեւ մենք չենք ընդունում Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը։ Այդ միջանքը կոչվում է Զանգեզուրի հենց նրա համար, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածք է»,- մեջբերում են կատարել ԶԼՄ-ները։ Ընդհանուր առմամբ, թուրք քաղաքագետի տրամաբանությունը շատ է հիշեցնում Չեխովի հայտնի «գիտնական» պերսոնաժի փաստարկները։