Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշ...

Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը պարբերաբար քննարկվում է ռուսական կողմի շփումներում՝ ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Մասնավորապես, ի պատասխան այն հարցի, թե Ադրբեջանի իշխանությունները, վերանորոգման քողի ներքո, հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը՝ աղավաղելով եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը եւ բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը` առաջ բերելով հակագիտական թեզեր Արցախի հայկական եկեղեցիների վերաբերյալ, Զախարովան ասել է, որ պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահմանման հարցը քննարկվում է մշտապես եւ Մոսկվան կողմնակից է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը ժամանի ռեգիոն։ 

«Մասնավորապես, այն քննարկվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցերի ընթացքում: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման օգտին, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, իսկ համանախագահների կողմից այս տարվա ապրիլի 13-ին ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունն այն հարցերի ցանկում է, որն Ադրբեջանից և Հայաստանից պահանջում է լրացուցիչ ջանքերի գործադրում»»,- հայտարարեց Մարիա Զախարովան: