Յուրաքանչյուր համաներումից հետո նկատվում է կա...

Հայաստանում յուրաքանչյուր համաներումից հետո նկատվում է կատարված հանցագործությունների թվի աճ։ Այս մասին Ազգային ժողովում քրեածին իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումներում հոկտեմբերի 15-ին ասել է ներքին գործերի նախարար  Վահե Ղազարյանը։

Նրա խոսքով՝ մինչ այժմ հայտարարված համաներումներից հետո ազատության մեջ է հայտնվել 4 976 մարդ որոնցից 1 152-ը հետագայում նորից հանցագործություն է կատարել։ «Հաճախ հանցագործություն կատարծ անձանց հայտնաբերելու դժվար աշխատանքներից հետո դատարանները վերջինների հանդեպ կիրառում են բավական մեղմ խափանման միջոցներ՝ չկապված ազատազրկման հետ, ինչն իր հերթին չի բացառում նրանց կողմից նոր հանցագործություններ կատարելու հնարավորությունը»,- ասել է Ղազարյանը։

Օրինակ, նշել է նա, անցած տարի դատարաններում միջնորդություններ են ներկայացվել ձերբակալում կիրառելու մասին 533  անձանց հանդեպ։ Բայց 458 դիմումներ ինչ-որ պատճառներով մերժվել են։ Իսկ 2024թ. 8 ամիսներին 1 971 միջնորդություններից մերժվել է 168 դեպք։

«Արդյունքում՝ թմրանյութերի անօրինական շրջանառությանը մասնակցած անձը ազատվել է գրավի դիմաց, ինչից հետո հասցրել է կատարել ավազակային հարձակում, գողություն եւ խուլիգանություն։  Նա նաեւ զենք եւ զինամթերք է պահել։ Մեկ այլ անձ, որը բնակարանային կողոպուտ էր կատարել, նույն գրավի դիմաց ազատ է արձակվել, ինչից հետո կատարել է չորս բնակարանային գողություն»,- նշել է նախարարը։