Ըստ Քերոբյանի՝ աշնանացան ցորեն մշակողներին աջ...

Կառավարությունը սկսել է աշնանացան ցորեն մշակողներին աջակցելու ծրագիրը, որը ստանալու համար դիմելու ժամկետը կերկարաձգվի մինչև հոկտեմբերի 22-ը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Վաղը կառավարության նիստում նախագիծ ունենք, որով պետք է երկարացնենք անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը մինչև հոկտեմբերի 22-ը։ Կարծում եմ, որ էական բարելավում կունենանք աշնանացան ցորենի հետ կապված, որը պետք է թույլ տա լավացնել մեր ցորենի պաշարները մյուս տարվա համար։ Պետք է նշեմ, որ Հայաստանում արտադրվող ցորենը մարդկանց համար չէ, այլ օգտագործվում է որպես կոմբինացված կերի բաղադրիչ»,- հավելեց Քերոբյանը։

Ավելի վաղ, Կառավարությունը աշնանացան ցորեն մշակողներին աջակցելու ծրագիր էր մեկնարկել, ըստ որի՝ բարձրորակ սերմերով ցանք անողների աջակցությունը 1 հեկտարի համար կազմում է  120 հազար դրամ, չհավաստագրված հացահատիկի դեպքում՝ 70 հազար: Ծրագրի ընդհանուր բյուջեն 6.8 մլրդ դրամ է: