Գազայի հատվածը դարձել է ամենաշատ անդամահատված երեխաներ գրանցած վայրը նորագույն պատմության մեջ:
Դրա մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ֆինանսավորման և գործընկերության բաժնի տնօրեն Լիզա Դաութենը։
«Ամեն օր, ըստ Միավորված ազգերի կազմակերպության Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության, 10 երեխա կորցնում է մեկ կամ երկու ոտքը: Գազան դարձել է այն վայրը, որտեղ ամենաշատ անդամահատված երեխաներն են նորագույն պատմության մեջ»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակին նվիրված նիստում:
Բացի դրանից, Դաութենը մատնանշել է, որ Գազայի հատվածում կանանց վիժման և մահվան վտանգը երեք անգամ ավելի բարձր է։