«Սևանա լճից ջուր խմելուց հետո կենդանիները ուռչել և սատկել են: Դեպքը տեղի է ունեցել երեկ, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկն ասում է, որ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռչել են, հետո սատկել… Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են: Նկարներից պարզ է դառնում, որ կենդանիները, իրոք, ուռչած են. որոշների վիզը կտրած է, ու կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: Հավանաբար, սատկելուց հետո կտրել են, որ տեսնեն` ինչ են կերել»,- այս մասին հայտնել էին քիչ առաջ` հղում անելով` Zona Positive ֆեյսբուքյան էջին:
Պարզեցինք, որ կենդանիները պատկանել են Մարտունու Ծովինար համայնքի բնակիչներին և Politik.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանն ասաց, որ չի կարծում թե կանդանիները սատկել են ջրից, այլ ինչ-որ խոտից.
«Եթե ջրից լիներ, իմ կարծիքով`կսատկեին բոլորը, ոչ թե մի քանիսը: Ամեն օր էլ արածելուց հետո իջնում են` ծովակից ջուր խմում: Երեկ ջրից անալիզ են տարել, սակայն այսօր ոչ աշխատանքային է պատասխանա չենք ստացել»:
Համայնքապետը նաև հայտնեց, որ այս դեպքը արտառոց չէ, նախորդ տարիներին նույնպես նման դեքպեր եղել են:
Տեղեկացնենք, որ այս ամենին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյաը.
«Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են: Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:
Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները:
Հ.Գ. Այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր»,- գրել է նա:



