Սա բոլորիս համար կարևորագույն փաթեթ է: Այս մասին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումներին հայտարարեց արդարադատության փոխնախարար Արմինե Հարությունյանը:
Ներկայացնելով հիմնական փոփոխությունները՝ նա նշեց, որ, օրինակ, ներկայումս կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում իրականացվում է քաղաքացիական ծառայություն, սահմանված չեն առանձնահատկություններ։
Նա նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, լինելով անկախ սահմանադրական մարմին, աշխատակազմի ձևավորման հետ կապված որոշակի փոփոխություններ է նախատեսում։
«Փաթեթով Սահմանադրությունը, ինչպես նաև ընտրական օրենսգիրքն արգելում են ընտրությունների նշանակումն ու անցկացումն արտակարգ և ռազմական դրության պայմաններում։ Օրենքով կարգավորված չեն բազմաթիվ մանրամասներ այս դրությունների հայտարարման հետ կապված և քննարկումների ընթացքում նաև այս դրույթները համապատասխան փոփոխություններով կառաջարկվեն երկրորդ ընթերցմանը»,- ասաց փոխնախարարը՝ հիշեցնելով, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը:
Նա նաև նշեց, որ Համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամները մասնավոր բանկերում ձևավորելու պրակտիկան ցույց է տվել, որ նախընտրական հիմնադրամների կառավարման և ֆինանսական վերահսկողության ու թափանցիկության ապահովման, ինչպես նաև օրենսդրության միատեսակ կիրառումն ապահովելու տեսանկյունից, նույնպես բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հասցեագրել են այս փաթեթում։