Հրատապ նախագիծ ունենք.առաջիկայում ընտրական գո...

Ընտրությունների դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության ստուգման նոր պահանջներ են սահմանվում, հստակեցվում են արդեն գործող կանոններն ու ընդլայնվում են մեխանիզմները:  

 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Հեղինակի խոսքով՝ նախագիծն առնչվում է դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության՝ արդեն գործող կանոնի և համապատասխան մեխանիզմների հստակեցմանը:Դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը: Նրանց հիմնական նպատակն է նպաստել ընտրությունների օրինականության և վստահելիության ապահովմանը:

«Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները և դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք ու անաչառ»,-ընդգծեց Ջուլհակյանը:

Պատգամավորը նշեց, որ ՀՀ օրենսդրությունը՝ Ընտրական օրենսգիրքը նույնպես սահմանում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ և չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չպետք է աջակցեն ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

«Սակայն մեր ընտրական օրենսդրությունը միաժամանակ բավարար մեխանիզմներ չի սահմանում առ այն, թե ինչ է տեղի ունենում, երբ այս կանոնը խախտվում է: Նախագծի հիմնական նպատակը հենց այդ մեխանիզմների սահմանումն է: Այսինքն՝ արդեն գործող կանոնի հստակեցումն ու առկա մեխանիզմների ընդլայնումը»,-ասաց Ջուլհակյանը:

Գործող կարգավորմամբ՝ դիտորդական առաքելություն կարող են իրականացնել ՀՀ-ում գրանցված այն կազմակերպությունները, որոնց որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

Պատգամավորը սա որակեց բավականին անորոշ ձևակերպում. խոսքը բացառապես աջակցության մասին է: «Խոսք չի գնում այն մասին՝ եթե դիտորդը չի աջակցում, բայց քաղաքական ընդդիմություն է: Առաջարկվող նախագծով սահմանվում է, թե որ կազմակերպությունը կարող է դիմել: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ դրա դեմ քարոզչություն անող կազմակերպությունը հավատարմագրում կարող է չստանալ: Կամ նույնիսկ, եթե ստացել է, հետո է ի հայտ եկել, որ քարոզչություն կամ հակաքարոզչություն է անում, ապա ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և այդ վարույթի արդյունքներով ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը»,-ասաց Ջուլհակյանը:

Նոր պահանջով՝ դիտորդական կազմակերպությունները նաև պետք է կարողանան ի ցույց դնել, որ իրենք բարեվարք են և թափանցիկ ու հաշվետվողական քաղաքացիների առաջ: Հավատարմագրման դիմումները դիտարկելիս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հաշվի է առնում, թե արդյոք դիտորդական առաքելությունները տարեկան հաշվետվությունը ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, և արդյոք բացահայտում են իրենց ֆինանսավորման աղբյուրները: