Ընկերությունը ավելի քան 1.5 մլրդ դրամ չի վճար...

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարական աշխատանքներ կատարող ընկերություններին գումար չվճարելու խնդրին:

Նախարարի խոսքով` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքների համար իսպանական ընկերություններից մեկը շուրջ 17 տեղական կապալառու ընկերության 1.5 մլրդ դրամից ավելի գումար չի վճարել:

Իսպանական ընկերությունն ունեցել է հայկական ենթակապալառու ընկերություններ, որոնց հետ աշխատանք իրականացնելու համար պայմանագիր է կնքել: Սակայն իսպանական ընկերությունը չի վճարել կատարված աշխատանքների դիմաց:

«Այս պահին բանակցություններ են տարվում իսպանական ընկերության սնանկության կառավարչի հետ և ակնկալվում է, որ նա կայցելի Հայաստան: Այն ստացականները, որոնք ստացվել են իսպանական ընկերության վերահսկող ինժեներական ընկերության կողմից, որոնք տրվել են նախարարությանը և ապացուցվել է, որ այդ աշխատանքը կատարվել է, դրա դիմաց ընկերությունը վճարել է: Թե ինչ պատճառով նա չի վճարել ենթակապալառու ընկերություններին, մեզ հայտնի չէ: Այնուամենայնիվ, մենք բազմիցս կոչ ենք արել, որ գործընկերային հարաբերություններում վճարումն իրականացվի»-ասել է նախարարը: