Ընդունում եմ Սիրունյանի նվերը, հողը կիրացնեմ,...

Դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին կամ նրանց, ովքեր որոշել են առաջարկել  Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, լավ, այս երկրում ուրիշ մարդ չկա՞ր։  Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Մարդ չկա՞ր, թե կար, բայց չուզեցին ձեր հետ համագործակցել։ Հասկանում եք, որ սա ձեր խայտառակությունն է։ Հիմա դուք ու՞մ եք առաջադրում ԲԴԽ-ի անդամ: Մարդուն ասում են հայհոյել ես, ասում է՝ համատեքստից դուրս է եղել։ Գիտեք, չեմ բացառում, կարող է ինքը շատ լավ կրթված է, Հարվարդի իրավաբանական դպրոցն է ավարտել, բայց կրթված լինելուց բացի պետք է նաև կիրթ լինել, իսկ կիրթ մարդը նա է, ով համատեքստից ներս և դուրս չի հայհոյում: Պատկերացնում եք՝ ինչ է նշանակում, վաղը, որ դատախազությունը, քննչական մարմինները գործ հարուցեն ինչ-որ մեկի դեմ սոցիալական ցանցերում ատելության խոսք, իշխանազավթման կոչեր, սահմանադրական կարգի տապալման կոչերի համար, իրեն առաջադրելով ՝դուք ինդուլգենցիա եք տալիս, բոլորին ասել՝ այդ ես չէի»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով Ալեքսանդր Սիրունյանի կողմից արված հայտարարությանը, որ իր հողը պատրաստ է նվիրել Խաչատրյանին, վերջինս նշեց, որ կընդունի նվերը:

«Ես ընդունում եմ նվիրատվություն, հաջորդ օրը պատրաստ եմ իրացնել դա, գումարը ուղղել արցախցի ուսանողների ուսման վարձի փակմանը, անտեր հող է էլի, կիրացնենք, երեխեքը թող սովորեն, մանավանդ, որ շատերը չեն կարողանում իրենց ծախսերը հոգալ ու նաև կիմանանք նոտարները ոչ ազգականների միջև գործարքներ վավերացնո՞ւմ են, թե չէ»,- ասաց նա:

Դիմելով քաղաքական մեծամասնությանը՝ պատգամավորը ընդգծեց. «Էլի եմ ասում, պետք էլ չի օրը ցերեկով լույս վառել, խոշորացույց վերցնել, գիտնական իրավաբան գտնել, շատ լավ գիտնական իրավաբաններ կան, եթե չեք գտնում, հարցը ուրիշ է, իսկ միգուցե այդ լավ իրավաբան գիտնականները չե՞ն ուզում ձեր հետ համագործակցել»։