Ընդգծվել են Հարավային Կովկասում կայուն խաղաղո...

Վրաստանի վարչապետ Իրակլի Կաբախիձեն դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ փաստաթուղթը մոտ ապագայում կստորագրվի։

Վրաստանի վարչապետն այդ մասին ասել է երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ 

Հանդիպման վերաբերյալ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը։ 

Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ապագայում ևս նպաստելու երկխոսությանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

Կողմերը կարևորել են նաև Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։

Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի նախագծի շուրջ համաձայնության գալու և բանակցություններն ավարտելու մասին։ Դրանից հետո Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել  համաձայնագրի ստորագրման ժամկետներն ու վայրը որոշելու շուրջ, սակայն Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում և ձգձգում է գործընթացը։