ՀՀ ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմանը իշխանական և ընդդիմադիր պատգամավորները ելույթներով հակադարձեցին միմյանց. Իշխանական պատգամավորն այն համոզմանն է, որ ընդդիմության համար խնդիրը Սեդա Սաֆարյանի անձն է, իսկ ընդդիմությունը պնդում է՝ իրենց խնդիրը խախտումն է, փորձում են ՍԴ-ն պահել որպես ՍԴ:
Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց. «Իմ խորին համոզմամբ՝ խնդիրը խախտումների մեջ չէ: Խնդիրը Սեդա Սաֆարյանն է: Նրա գործունեությունը շարունակում է հանգիստ չտալ «Հայաստան» խմբակցության լիդեր Ռոբերտ Քոչարյանին»:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Սեդա Սաֆարյանի «հետևից ոչ ոք չի ընկել»: Ուղղակի փորձ է արվում ՀՀ սահմանադրական դատարանը պահել որպես Սահմանադրական դատարան, որ, երբ քաղաքացին որևէ հարցով դիմի ՍԴ, որևէ վայրկյան չկասկածի ՍԴ-ի որոշման համար»:



