Ընդդիմության և Վանեցյանի վերջին շանսը

Առաջիկայում սպասվում են ընտրություններ Երևան քաղաքում։ Բովանդակությամբ ՏԻՄ ընտրությունը իրականում քաղաքական էական նշանակություն ունի, քանի որ Երևանում է կենտրոնացած Հայաստանի մարդկային, տնտեսական, քաղաքական, մշակութային ռեսուրսի մեծամասնությունը։ Երևանի համար պայքարը թեժ է լինելու և իշխանություններն արդեն իսկ պատրաստվում են կարևորագույն այդ քաղաքական գործընթացին։ Իշխանություններն անգամ հայտարարել են, թե ով է լինելու իրենց թեկնածուն ու սա դրական պրակտիկա է։

Սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ անորոշություն է ընդդիմադիր դաշտում։ Ընդդիմության հիմնական խաղացողները՝ Հայաստան դաշինքը, ՀՀԿ-ն և Հայրենիք կուսակցությունը հրապարակային գոնե չեն խոսել մասնակցության իրենց մտադրության և հնարավոր ձևաչափի մասին։ Երևանն այն համայնքն է, որում 2021 թվականի ընտրությունների ընթացքում հավաքական ընդդիմությունը վատ արդյունքներ չէր արձանագրել, եղան վարչական շրջաններ անգամ, որոնցում իշխանությունները պարտվեցին։ Երևանում ընդդիմությունը շատ ավելի մեծ շանսեր ունի, որից չօգտվելը մեծ սխալ կլինի։

Չնայած ընդդիմադիր ուժերը հիմնականում հրապարակային չեն խոսում իրենց մասնակցության մասին, բայց այս ընթացքում մամուլում քննարկվել են անուններ, ովքեր կարող են Երևանի ընտրություներում ներկայացնել հավաքական ընդդիմությանը։ Այդ քննարկումներում ամենահաճախը հիշատակվում է Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անունը։ Պետք է նաև նկատել, որ Վանեցյանի թիմն այս պահին միակն է, որ հրապարակային խոսում է ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին։

Վանեցյանի առավելությունները


Վանեցյանը ծննունդով Երևանցի է և առավել բարձր վարկանիշ ունի ընդդիմադիր առաջնորդների շարքում (երկրորդ և երրորդ նախագահներին չենք հաշվում, քանի որ վստահաբար կարելի է բացառել նրանց մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին), որպես հնարավոր թեկնածու։ Վանեցյանը, որպես ԱԱԾ երկարամյա աշխատակից և իշխանափոխությունից հետո էլ կառույցի ղեկավար շատ լավ է տիրապետում քաղաքի շարժին, դրանց մասնակցիներին և նրանց հետ աշխատելու ձևերին։

Ի՞նչ պետք է անի Վանեցյանը


Ընտրություններում ցանկալի արդյունքներ ապահովելու համար միայն Վանեցյանի վերը նշված կարողությունները բավարար չեն՝ կարևոր է, որպեսզի նա ունենա ընդդիմադիր մյուս ազդեցիկ ուժերի աջակցությունը։ Իսկ սրա համար Արթուր Վանեցյանը այսօրվանից արդեն պետք է աշխատի, որպեսզի կարողանա համաձայնության գալ ընդդիմադիր ուժերի հետ։ Համաձայնության համար կարևոր է, որպեսզի հենց սկզբից ընդիմադիրները բաց խաղան և լինի փոխվստահության մթնոլորտ։

Ընդդիմության և Վանեցյանի վերջին շանսը


Կարևոր է գիտակցել, որ ընդդիմությունը Երևանում հաջողության շանս ունի, եթե միասնական հանդես գա, ունենա մեկ թեկնածու (այստեղ իհարկե բացարձակ պայման չի, որ թեկնածուն հենց Վանեցյանը լինի, գուցե ընդդիմադիր մյուս ուժերը ավելի ազդեցիկ թեկնածու ունեն, ով դեռ հանրությանը հայտնի չէ)։ Երևանի ընտրությունները վստահաբար կարող է նաև թոթափել այն հիասթափությունը, որը կա փողոցային անհաջող պայքարներից հետո, բայց նաև կարող են խորացնել հիասթափությունը, եթե ընտրություններին մասնակցեն մի քանի ճակատով, պառակտված և առանձին-առանձին արձանագրեն քիչ տոկոսներ։ Սա ըստ էության այս պահի և այս տեսքով հանդես եկող ընդդիմության ու Արթուր Վանեցյանի վերջին շանսն է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկսված պայքարում բեկում մտցնելու համար ու այդ շանսից պետք է օգտվել անպայման։