Ղուշչյանը ներողություն կխնդրի Ալեքսանյանից․ ի...

Վերջին մի քանի շաբաթներին մեծ աղմուկ է բարձրացրել հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի այն հայտարարությունը, ըստ որի գործարար Սամվել Ալեքսանյանը տարիներ առաջ իրեն առևանգել է և զենք դրել գլխին։

Իհարկե այս պահին դժվար է ասել ինչ է կատարվել և որքանով են ճիշտ Ղուշչյանի հայտարարությունները, բայց մի բան հստակ է առաջին անգամ չէ, երբ հոռուստահաղորդավարը տարբեր հայտնի գործիչների մեղադրում է ծանր հանցագործությունների մեջ, իսկ հետո ներողություն խնդրում մեղադրվողներից։

Տարիներ առաջ նա մի ֆիլմ էր նկարել և մեղադրել ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին։ Այդ տարիներին խոսվում էր, որ հենց Արցախի իշխանական որոշ շրջանակների պատվերով էր նա այդ ֆիլմ նկարել։ Նպատակը Բաբայանին պախարակելն էր։ Իսկ հետո նա ներողություն խնդրեց Սամվել Բաբայանից հայտարարելով, թե սխալ տեղեկություններ է հրապարակել։ Համլետ Ղուշչյանի հայտնի նամակը հրապարակված է անգամ Սամվել Բաբայանի մասին պատմող «Ազդականչ 44» գրքում։

Այդ տարիներին Ղուշչյանի գործունեությանը գնահատական է տվել այն ժամանակ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Ներկայիս վարչապետի խմբագրած թերթի առաջին էջում հրապարակվել էր մի հոդված «Խասյաթդ կտրվի»   վերտառությամբ, որում մասնավորապես ասվում է․«Ոչ բարով հայտնի լրագրող Համլետ Ղուշչյանը երեկ ներողություն է խնդրել ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանից նրա մասին նկարահանված ֆիլմի համար և ամեն ինչի մեջ մեղադրել ԼՂ նախկին դատախազ Մավրիկ Ղուկասյանին։

Սպասենք, թե երբ Ղուշչյանը ներողություն կխնդրի Մավրիկ Ղուկասյանից և կմեղադրի Սամվել Բաբայանին»։

Այնպես որ չի բացառվում, որ Համլետ Ղուշչյանը ներողություն խնդրի նաև Սամվել Ալեքսանյանից ում վերաբերյալ աղմկահարույց հայտարարություն է արել։ Համենայնդեպս Նիկոլ Փաշինյանը ժամանակին չի հերքել դեպքերի նման զարգացումը։