Ղուրանն այրելու դեպքերի կապակցությամբ Իսլամակ...

Հուլիսի 31-ին Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) Իրանի և Իրաքի առաջարկությամբ  արտահերթ ժողով է գումարելու, որտեղ առաջնահերթ պետք է քննարկվեն Շվեդիայում և Դանիայում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի հրկիզման դեպքերը։ Այս մասին գրավոր հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարարության խոսնակ  Նասեր Քանանին։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նա մասնավորապես նշել է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այդ հարցով հեռախոսազրույց  է ունեցել  ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարաների հետ։ Քանանին հայտնել  է, որ հանդիպման վերաբերյալ պաշտոնական հարցում է ուղարկվել ԻՀԿ-ին և որոշվել է արտահերթ ժողովն անցկացնել առցանց։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Շվեդիայում ծագումով իրաքցի Սալվան Մոմիկան Ստոկհոլմի մզկիթի դիմաց վառել էր Ղուրանը, այնուհետև Ստոկհոլմի դեսպանատան առջև ոտքերի տակ առել Ղուրանն ու Իրաքի դրոշը։

Իսկ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում՝ Իրաքի դեսպանատան դիմաց, «Դանիացի հայրենասերներ» խմբի անդամներն էլ այրել էին Ղուրանը և ոտի տակ գցել Իրաքի դրոշը։